Այն ինչ ուներ ասելու վարչապետը դատավորների եւ դատական համակարգի հետ կապված, շատ ռացիոնալ մտքեր կային, որոնց մասին խոսել է նաեւ ԲՀԿ-ն: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած դատարանների շրջափակման դեպքին եւ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Այո, մեր իրավական, դատական համակարգը լրջագույն հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, դա ընդունելի է, բայց դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչը, որ արվեց, ես նորից կրկնում եմ, եւ´ մեր հայտարարության մեջ նշված էր, որ մենք դա համարում ենք հակասահմանադրական կոչ, մենք դա համարում ենք  Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված, եւ պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նա հիշեց «ոստիկանը ժողովրդինն է» կարգախոսը՝ նշելով. «Երբ մենք խոսում ենք, որ վերջապես ոստիկանը մերն է, ինձ զարմացնում է մի բան՝ երբ դատավորին թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ եւ դատավորի հրեցին,  ոստիկանները կանգնած էին, կանգնած այնպես, ինչպես ժամանակին կանգնում էին, երբ ՀՀԿ-ականներն էին ծեծում-ջարդում ժողովրդին եւ չէին միջամտում, իրենք որեւէ կերպ չմիջամտեցին: Այնպես որ ես ասում եմ՝ Վալերի՛ Օսիպյան, դուք ձեր տեղում չեք, ինչպես նախկինում դուք կատարել եք նախորդ ռեժիմի հանձնարարականները, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահին՝ նշելով. «Նա, որը Սահմանադրությամբ երկրի անվտանգության երաշխավորն է, երեկ ուղղակի անդեմ, ավելի կոպիտ բառ չասեմ, հայտարարություն արեց: Ցավոք, դա ՀՀ նախագահի հայտարարություն չէր՝ զգուշավոր, վախվորած, որեւէ ողնաշար չունեցող հայտարարություն էր եւ ես շատ ցավում եմ, որ ՀՀ նախագահը եւս ինչ-ինչ բաներով կաշկանդված չկատարեց երկրի սահմանադրությամբ երաշխավորված իր պարտականությունները»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը պետք է շատ հստակ հայտարարեր, որ կատարվել է հակասահմանադրական քայլ. «Որեւէ իշխանություն իրավունք չունի գրոհի հրաման տալու անկախ իշխանության որեւէ թեւի վրա»: