Ճանապարհները պետք է նորոգել, բայց այնպես նորոգել, որպեսզի դա չվերածվի մղձավանջի վարորդների համար։

Անցած շաբաթվանից Իսակովի պողոտայի կամրջի մոտ ճանապարհային նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Իրականում ասել, թե աշխատանքներ են կատարվում, նշանակում է հաճոյախոսություն անել ճանապարահաշինարարներին։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ աշխատանքներ չեն կատարվում։ Տասնյակ մետրերով հանվել է ասֆալտի ծածկը, փորվել են քառակուսի փոսեր, ասֆալտ փռելու նախապատրաստական աշխատանք է կատարվել եւ վերջ, աշխատանքները դադարեցվել են։ Ահա արդեն մի քանի օր կարելի է նկատել մեքենաների կուտակումներ, մեքենաները հազիվ են անցնում փոսերն ու խրամատները, ակնհայտորեն ստեղծվել են բոլոր պայմանները ՃՏՊ-ի համար, շինարարներ չեն նկատվում։

Այսինքն՝ տխրահռչակ «իրավիճակ է փոխվել»-ը ճանապարհաշինարարների վրա չի տարածվո՞ւմ։ Ըստ էության, իշխանությունը երկրում եւ քաղաքում փոխվել է, մտածելակերպը՝ ոչ։ Ո՞վ է, ըստ էության, առաջին, երկրորդ, երրորդ հերթին պատասխանատվություն կրում՝ միեւնույն է։ Շինարարական ընկերությո՞ւնը, որը շահել է նորոգման տենդերը եւ կատարում է աշխատանքներ, վերահսկող մարմիննե՞րը՝ շրջանային վարչակազմի միջոցով, թե՞ քաղաքապետարանը, որոնք պատկերացում չունեն, թե ինչպես է կատարվում տենդերը, թե՞ էլի ինչ-որ մեկը։ Անձրեւին հղում կատարելը տեղին չէ. կամ պետք է ասֆալտը քանդելուց առաջ եղանակի տեսությունն ուսումնասիրել, կամ ավելի արագ աշխատել։ Ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ ոչ այնքան վաղուց են ասֆալտապատել եւ նորոգման անհապաղ անհրաժեշտություն չկար, կարելի էր ջանքերն ուղղել ավելի խնդրահարույց ճանապարհների։ Բայց եթե քաղաքային իշխանություններն անզուսպ ցանկություն են ունեցել բարելավելու առանձին վերցրած տեղամասի որակը, ապա դա պետք էր անել խելամիտ ժամկետներում։ Թեեւ, հնարավոր է, իրավասու մարմինները զբաղված են սեփական աշխատավարձի վերահաշվարկով, եւ տեղերում իրավիճակին ծանոթանալու ժամանակ պարզապես չունեն։