Արտաքին ազդեցությունը բացասական ներգործություն ունեցավ Հայաստանում ներքին պահանջարկի եւ գնագոյացման վրա։ Այս մասին մայիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով ԿԲ տարեկան հաշվետվությունը 2018 թվականի դրամավարկային քաղաքականության մասին։

Նա ավելացրել է, որ դրա արդյունքում գնաճը 2018 թվականի վերջին կազմել է 1,8 տոկոս։ «2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը կազմել է 1,9 տոկոս, ինչը ցածր ցուցանիշ է։ Այդ գործոնը, ինչպես նաեւ տնտեսության աճի դանդաղման համաշխարհային միտումները հանգեցրել են դրամավարկային պայմանների խթանման չափի մեծացման անհրաժեշտության՝ 0,25 տոկոսով իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ դա՝ այն պայմաններում, որ ամբողջ աշխարհում տոկոսադրույքը հիմնականում բարձրացել է։ Հիմա այդ թիվը Հայաստանում կազմում է 5,75 տոկոս»,- նշել է ԿԲ փոխնախագահը։