Ապրիլյան պատերազմի դեպքերի հետ կապված կարիք կա, այո, ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու, որպեսզի հասկանանք, թե ինչու զինվորը չուներ փամփուշտ, ով էր գողացել դիզվառելիքը, երբ տանկը գնում էր, կանգնում էր կեսից, զոհեր էինք ունենում, որովհետեւ գողացված վառելիք է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ եթե լինի նախաձեռնություն՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ապրիլյան դեպքերի հետ կապված, իրենք կողմ կլինեն. «Մենք չենք քննարկելի այդ հարցը, կքննարկենք, բայց մենք քանիցս այդ հարցը բարձրացրել ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բավականին հարցականներ կային հենց կոռուպցիոն հարթակում: Դրանք պետք է քննարկվեն եւ այդ հարցականների պատասխանները պետք է տրվեն»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ այդ ամենի պատասխանատվությունը կառավարության վրա գցելու հեռահար նպատակներ է տեսնում, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Պարոն Փաշինյանն իր ունեցած տեղեկատվությամբ մեզ հետ չի կիսվել, երբ կտրամադրեն այդ տեղեկատվությունը, եւ եթե իսկապես այդպիսի մտավախություն կա, ապա դա շատ լուրջ է, եւ մենք մեր խոսքը կասենք: Չունենալով տեղեկատվություն ես չեմ կարող ապրիորի ենթադրել, թե ովքեր են ուզում տարածքներ հանձնել, ովքեր են հակահեղափոխականները, ովքեր են ուզում սեփականաշնորհել հեղափոխության արդյունքները եւ մեղքը գցել վարչապետի վրա»:

ԲՀԿ-ական պատգամավորը դեմ չէ նաեւ անցումային արդարադատությանը. «Անցումային արդարադատության բազմաթիվ մոդելներ կան, թող բերեն խորհրդարան, ամեն մեկը մի մոդել կառաջարկի եւ մենք կփորձենք այդ հարցերը կարգավորել»: