Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ անգործության շքեղությունը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 40 տարածաշրջանային ֆրանսիական պարբերականների հարցազրույցում, տեղեկացնում է DW-ն։

«Կամ մենք որոշում ենք բաժանվել եւ դառնալ հարթակ, որտեղ չինացիները, ռուսները եւ ամերիկացիները կկարողանան ազդեցություն գործել եւ վարել իրենց խաղը, կամ մենք որոշում ենք վերականգնել  վերահսկողությունն ու լինել ինքնիշխան»,- ասել է Մակրոնը Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին։

Ռուսաստանցիներն ու ամերիկացիները «երբեք դեռ այսքան համառ» չեն եղել աջ հոսանքի կուսակցություններին ֆինանսավորելիս, նշել է Մակրոնը։ Ընդ որում՝ նա հիշատակել է Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի ենթադրյալ կապերը Ֆրանսիայում աջ պոպուլիստների հետ։

Մակրոնը Եվրախորհրդարանի գալիք ընտրություններն անվանել է կարեւորագույնը 1979-ից ի վեր՝ նշելով «Եվրամիության էկզիստենցիալ սպառնալիքները»։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ընտրություններից հետո ընդունել «հիմնարար եվրոպական կոնվենցիա»։ Նա առաջարկում է պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների նոր ներկայացուցիչներին քաղաքացիների հետ միասին մշակել եվրոպական ռազմավարություն առաջիկա հինգ տարիների համար։

Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները նորից հավասարվել են։ Ֆրանսիայի նախագահը նշել է փոխադարձ հարգանքն ու արդյունավետ համատեղ աշխատանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։