Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետեւողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն կատարեցին։ Հայտնաբերվեցին 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված էր 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես եւ գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում կար դարձյալ 7․62 մմ տրամաչփի 10 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի եւ հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։