Սերբ օրենսդիրները քվեարկել են ցմահ բանտարկություն մտցնելու օգտին առանց պայմանական-ժամկետից շուտ ազատ արձակման իրավունքի՝ ծանր հանցանքների համար, չնայած Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով բարձրաստիճան ներկայացուցչի քննադատությանը, տեղեկացնում է AP-ը։

Սերբիայի խորհրդարանը հավանություն է տվել քրեական օրենսգրքի փոփոխությանը։ Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ բոյկոտել են քվեարկությունը։

Նոր օրենսդրությունը նախատեսում է ցմահ բանտարկություն այնպիսի հանցանքների համար, ինչպիսին են երեխայի սպանությունը կամ բռնաբարությունը, հղի կնոջ սպանությունը։ Դա այն խնդրագրի արդյունքն էր, որը ներկայացրել էր դեռահաս աղջկա հայրը. աղջիկը բռնաբարվել եւ սպանվել էր 2014 թվականին։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Դունյա Միյատովիչը նախազգուշացրել է, որ օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քանի որ չի նախատեսում պայմանական ազատման կամ դատավճռի վերանայման հնարավորություն։