ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող Վահե Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից NEWS.am–ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,   իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝  իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։

Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am–ին հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնել էին, որ խցակից դատապարտյալների միջեւ նախ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։