Հասարակությանն այնքան են երկու մասի բաժանել, այնքան են գալվանացրել իրար դեմ, որ մարդիկ համարում են՝ կարելի է առանց որեւէ պատճառի հարձակվել իր թոռների հետ զբոսնող պապիկի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի վրա  հարձակմանը:

«Դա սարսափելի բան է, ինչպես կարելի է հարձակվել իր թոռների հետ զբոսնող պապիկի վրա: Սա մեկ տարվա հեղափոխականության ամենակարեւոր արտահայտությունն է»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Մայիսի 20-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ոստիկանության բաժին է ներկայացրել հարձակման տեսագրությունները: Մայիսի 20-ին

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, որ խստորեն դատապարտում է ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը.

«ՌԱԿ-ը կարծում է¸ որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի:

Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել¸ երբ Հ. Մարգարյանը իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում:

ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին խստորեն դատապարտելու համար եւ կանխելու հետագա նման սադրանքները»,- ասվում է ՌԱԿ  կենտրոնական վարչության հայտարարությունում: