Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում կլինի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկված հարցերի մասին։ 

«Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները եւ մասնավորապես, որոշում կայացվեց եւ առաջիկա լիագումար նիստի ընթացքում օրակարգում կլինի ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, նաեւ վեթինգի առումով նախագիծ մշակելու մասին որոշում է կայացվել»,– նշեց նա։

Վեթինգի գործիքակազմի մասին հարցին Մակունցը չպատասխանեց. «Ես ձեզ այդ մասին որեւէ տեղեկություն հաղորդել չեմ կարող, որովհետեւ աշխատանքային փուլում վերջնական ինչ–որ գործիքակազմի մասին խոսելը, չեմ կարծում, տրամաբանական կարող է լինել։ Հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծը»։

Դատարանների արգելափակման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ ԵԽԽՎ հայտարարությունը մեկնաբանելուց եւս խմբակցության ղեկավարը ձեռնպահ մնաց. «Քանի որ ամբողջական տեքստին ծանոթ չեմ, այս պահին զերծ կմնամ հատվածային մեկնաբանություն անելուց, բացի այդ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու ԱԳՆ-ն կարձագանքեն»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նկատառմանը, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովում ներգրավված լինեն մարդիկ, որոնք կկարողանան այդ հարցում օգտակոր լինել, նա նշեց. «Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը այս առումով կզբաղվի։ Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»։

Մակունցը հանձնաժողովի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց. «Որոշվել է ստեղծել հանձնաժողով, իսկ թե հստակ քննության թիրախը որն է լինելու, նախագիծ երբ կլինի, հստակ կձեւակերպվի»։

Հարցին՝ «Իմ քայլի» պատգամավորների համար ի՞նչ հարցեր կան բաց, որ այդ հանձնաժողովի քննության առարկան պիտի դառնա, նա պատասխանեց. «Ես ճիշտ եմ գտնում, որ հենց հանձնաժողովի անդամները հենց իրենք մեկնաբանություն տան, քանի որ սա առնչվում է ոչ միայն պաշտպանությանը, այլ նաեւ անվտանգությանը, ուստի ճիշտ չեմ համարում մեկնաբանելը»։

Իսկ թե ինչ ժամկետներում է ստեղծվելու քննիչ հանձնաժողովը՝ նա պատասխանեց, որ ստեղծվելու է հնարավորինս սեղմ ժամկետում։

«Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կկազմակերպվեն աշխատանքները։ Չեմ կարող ասել՝ կլինի լիագումար նիստի ժամանակ, թե ոչ։ Մենք այսօր արդեն որոշում ենք կայացրել, որ պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը եւ ստեղծվի սեղմ ժամկետներում»,– հավելեց Մակունցը։