Huawei ընկերությունը սեփական օպերացիոն համակարգն է մշակում, որը կարող է շուկայում հայտնվել արդեն աշնանը: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յույը, հաղորդում է «ՌԻԱ»-ն: 

«Ամենաշուտն այս տարվա աշնանը, իսկ ամենաուշը՝ հաջորդ տարվա գարնանը»,- ասել է նա:

Նա նշել է, որ միասնական օպերացիոն համակարգ կլինի հեռախոսների, համակարգիչների, պլանշետների եւ այլ արտադրանքների համար:

«Մենք պատրաստ ենք շարունակել Google-ի եւ Microsoft-ի հետ համագործակցությունը, սակայն այլ ելք չունենք, ստիպված ենք»,- հավելել է Յույը:    

Մայիսի կեսերին ԱՄՆ առեւտրի նախարարությունը ընկերությունը սեւ ցուցակում էր ներառել: Huawei-ը գտնվում է նաեւ այն ընկերությունների ցուցակում, որոնց արգելված է համագործակցել առանց հավաստագրերի ամերիկյան բիզնեսի հետ:

Google-ն արդեն դադարեցրել է Huawei-ի հետ համագործակցությունը սարքավորման փոխանցում պահանջող եւ տեխնիկական ծառայությունների ոլորտներում: