«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:

«Օտարերկրյա քաղաքացի, որի մայրը կասկածելի կենսագրություն ունի, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում ահաբեկել ենք ինչ-որ մեկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իրենց բերման ենթարկելու պատճառին:

Նշենք, որ համերգասրահում տեղի է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի համերգ, մինչ այդ՝ նաեւ՝ ԵՄ գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկու մամուլի ասուլիսը։ ՀԿ-ի անդամները ունեին հրավիրատոմսեր։

«Ոստիկանները, միեւնույն է, պնդեցին, որ մենք ինչ-որ կարգ ենք խախտել, այնուհետեւ պարզ դարձավ, որ ինչ-որ մեկին ահաբեկել ենք: Եվ այդ հաղորդման հիման վրա մեզ բերման են ենթարկել: Ըստ էության՝ մենք մեղադրվում ենք ահաբեկչության մեջ: Ես կասկածում եմ, որ այդ օտարերկրյա քաղաքացիները կարող են կապ ունենալ ԵՄ գրասենյակի հետ, բայց քանի որ գործին չեմ ծանոթացել, վստահորեն չեմ կարող ասել»,-ասաց Արթուր Դանիելյանը:

Նա նշեց, որ իրենց նպատակը, առաջին հերթին, դասական երաժշտություն լսելն էր.

«Երկրորդ հերթին, ուզում էինք մի քանի հարց ուղղել ԵՄ գրասենյակի ղեկավար Վիտալսկուն, երեկ եւ այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումն էինք ուզում իմանալ: Եվ մեզ ասում են, որ մենք ահաբեկել ու հասարակական կարգ ենք խախտել: Երեւի նրանից է, որ Նիկոլ Փաշինյանն ունի պահանջող հայացք, իսկ մենք՝ ահաբեկող»,- ասաց Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 21-ին, ոստիկանները պահանջել են «Ադեկվադ» հկ-ի անդամներ Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին եւ Կոնստանտին Տեր-Նակալյանին՝ հեռանալ Արամ Խաչատրյան համերգասրահից, պարզաբանելով, որ քաղաքացուց ստացել են ահազանգ:

Նշենք, որ ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել են դասական երաժշտության համերգ՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Նույն օրը՝ ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել դեսպան Սվիտալսկու եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը: