Երկուշաբթի ամբողջ Միացյալ Նահանգներով ընթացել են երթեր ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել էր համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ:

Ավելի քան 50 կազմակերպություններ միավորվել են #ԿասեցնելԱրգելքները հեշթեգի եւ «Իմ մարմինն է՝ իմ ընտրությունը» կարգախոսի ներքո: ԱՄՆ մայրաքաղաքում ցույցին ներգրավվել են հարյուրավոր ակտիվիստներ եւ նույնիսկ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի մի քանի թեկնածուներ:

ԱՄՆ-ն աբորտները քաղաքականացնում է

«Ես հանուն սրա պայքարել եմ 60-ական թվականներին, եւ այսօր կրկին այստեղ եմ ու չեմ կարողանում դրան հավատալ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Թրամփն է իշխանության: Նա փորձում է ցանկացած միջոցով մեծացնել ընտրական բազան: Դա սարսափելի է»,- ասում է ակտիվիստներից Փեմ Լեքլենդը, որը Planned Parenthood կազմակերպության անդամ է:

Վերջին տարիներին մի շարք նահանգներ կտրուկ խստացրել են աբորտի սահմանափակումները: Այս տարվա ապրիլին Ինդիանայում դե ֆակտո աբորտներն արգելվել էին երկրորդ եռամսյակում, իսկ Օհայոյում օրենք էր ընդունվել վաղ աբորտների արգելման մասին՝ այն պահից, երբ կարելի է ճանաչել սաղմի սրտի զարկերը:

Ընթացիկ տարում պտղի սրտի զարկերի հետ կապված համանման օրենքներ էին ընդունել Ջորջիա, Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում, որոնց կարող են հաջորդել  եւս 12 նահանգներ: Աբորտ կատարելն այս կամ այն չափով սահմանափակող օրենքների ընդհանուր թիվը հասնում է տասնյակների:

Լեքլենդի կարծիքով՝ նման միջոցները կարող են հանգեցնել աբորտ կատարող ապօրինի կենտրոնների ի հայտ գալուն:

Լեքլենդը նաեւ հնարավոր է համարում, որ ապագայում Գերագույն դատարանը չեղարկի «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը:

Նրա հետ համաձայն է մեկ այլ ակտիվիստ՝ Շերին: «Նրանք աբորտները չեն արգելում, նրանք արգելում են աբորտների անվտանգ օրենքները: Որովհետեւ դրա կարիքն ունեցող կանայք միջոց կգտնեն, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կանայք կմահանան»,- վստահ է գործակալության զրուցակիցը:

Գերագույն դատարանի շենքի մոտ երթի եկածները միաձայն հայտարարել են այն մասին, որ ԱՄՆ-ում աբորտի հարցը չափից ավելի քաղաքականացված է, իսկ վերջին օրենքներն առաջ են մղվում այն նպատակով, որպեսզի գրավեն ընտրողների ձայները:

Հնարավոր է, որ ընդունված սահմանափակող օրենքները բողոքարկվեն ԱՄՆ Գերագույն դատարանում: Սակայն դատարանում իրավիճակը փոխվել է աբորտների հակառակորդների օգտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկու պահպանողական դատավորներ Նիլ Գորսաչի եւ Բրեթ Կավանոյի նշանակումից հետո:

Աբորտների կողմնակիցները հայտարարում են իրենց մարմինը ինքնուրույն տնօրինելու կանանց իրավունքների եւ այն մասին, որ ձեւավորման վաղ փուլերում սաղմը չի կարող համարվել մարդկային անհատ: Նրանք նաեւ նշում են այն, որ աբորտների արգելքը կարող է հանգեցնել այս վիրահատության քրեականացման եւ շատ կանանց մահվան, որոնք օրենքը խախտելով կփորձեն ազատվել հղիությունից:

Աբորտների հակառակորդները վկայակոչում են կրոնական պատվիրանները եւ հայեցակարգը, որ մարդու կյանքը սկսում է բեղմնավորման պահից, ինչի հետ կապված աբորտներն ապաբարոյական գործողություն են համարում կամ անգամ հանցագործություն: