Նախօրեին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի մոտ Վոլժսկ քաղաքի Կանաչ կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքի տունը:

Ընտանիքը Կանաչ կղզում ապրում էր մեծ երկհարկանի շենքում: Ամուսինները՝ Եկատերինան եւ Արամը, 5 երեխա ունեն. ամենափոքր երեխաները՝ երվորյակներ Նորիկը եւ Նելին ընդամենը 1 տարեկան 10 ամսական են, իսկ ավագ դուստրը՝ Անգելինան 9 տարեկան է: Զույգը եւս երկու դուստր ունի՝ 5-ամյա Գայանեն եւ 6-ամյա Լիանան: Դժբախտությունը բազմազավակ ընտանիքի դուռը թակել է մայիսի 20-ին 01.30-ին: Այդ ժամանակ բոլորն արդեն քնած էին: Առաջինը վատ բան է կասկածել Եկատերինան: Նա այրվածքի հոտ է զգացել եւ ամուսնուն՝ Արամին արթնացրել է: Տղամարդը կաթսայատուն է գնացել եւ տեսել, որ պատն արդեն կրակով է բռնված:

«Ես սկզբում սկսեցի կրակն ինքնուրույն մարել, բայց արագ հասկացա, որ դա անօգուտ է: Ամեն ինչ թողեցի եւ վազեցի կնոջս ու երեխաներիս փրկելու: Ոչ մի բան չվերցրեցինք, այդ թվում՝ փաստաթղթերը: Արդյունքում մեր ամեն ինչն այրվել է: Ընդ որում՝ հրշեջներն արագ եկան, արեցին իրենցից կախված ամեն ինչ»,- «Վոլգոգրադի բլոկնոտ»-ի թղթակցին պատմել է  ընտանիքի գլխավորը՝ Արամը:

Հրդեհի պատճառը պարզում են: Բայց Արամը հակված է այն վարկածին, որ էլեկտրալարի միակցում է եղել. «Մեզ մոտ լարումը մեծանում է: Մի քանի ամիս առաջ էլեկտրաէներգիայի լարման մեծացման պատճառով արդեն այրվել էին հեռուստացույցը եւ լիցքավորման սարքերը: Մտածում եմ, որ այս անգամ էլեկտրալարի միակցում է եղել, եւ հրդեհ է առաջացել»:

Ներկայումս մեծ ընտանիքին ապաստանել են ազգականները, իսկ պետությունը կես տարով 1-սենյականոց բնակարան է հատկացրել: Ընտանիքն այնտեղ կտեղափոխվի, երբ կենցաղի իրեր ձեռք բերի: Հիմա ընտանիքն, իհարկե, ամենից շատ դրամական միջոցների կարիք ունի:

«Մեծ թվով մարդիկ սնունդ եւ հագուստ բերեցին: Մեզ հիմա հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, որ հասկանանք, թե հետո ինչպես ենք ապրելու: Նույնիսկ չգիտենք ինչից սկսել, ոչ մի փաստաթուղթ չի մնացել, իսկ մեր ամբողջ խնայողությունն այրվել է»,- պարբերականին ասել է Եկատերինան: