Երեք մարդ զոհվել է երեքշաբթի երեկոյան բրազիլական Պարակատու քաղաքի (Մինաս-Ժերայս հարավարեւելյան նահանգ) եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Globo-ին։

Ինչպես ճշտվում է, հրազենով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի եւ կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Նրա զոհ են դարձել երկու հավատացյալ կին եւ քահանայի հայրը։ Ականատեսի խոսքով՝ հարձակվողի գլխավոր նպատակը հենց քահանան է եղել, որին հաջողվել է փախչել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել չարագործի դեմ կիրառել զենք, ինչից հետո նա ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը խանդն է եղել։ Ոստիկանները նման եզրակացության են եկել այն բանի հետ կապված, որ մահից խուսափած հոգեւոր հովիվը ամուսնացած էր հանցագործի չորրորդ զոհի հետ, որը մինչեւ ամուսնությունը հարաբերություններ էր ունեցել հարձակվողի հետ։ Կինը մահացել էր չարագործի ձեռքով ավելի վաղ նույն երեկոյան. տղամարդը դանակահարել էր նրան։