Կոնգրեսը պետք է սկզբում վավերացնի նոր առեւտրային համաձայնագիրը Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի (the United States - Mexico - Canada Agreement, USMCA) միջեւ, հետո արդեն զբաղվի իր երկրի ենթակառուցվածքային նախագծերով։ Այս մասին ասվում է երեքշաբթի Սպիտակ տան տարածած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում, որն ուղղված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ եւ Կոնգրեսի Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) եւ Չաք Շումերին (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մինչ ենթակառուցվածքի հարցերին անցնելը ես համոզված եմ, որ Կոնգրեսը պետք է սկզբում վավերացնի կարեւոր USMCA առեւտրային համաձայնագիրը,- ասել է պետության ղեկավարը։- Հենց որ Կոնգրեսն ընդունի USMCA-ն, մենք պետք է մեր ուշադրությունը սեւեռենք երկու կուսակցությունների կողմից աջակցվող ենթակառուցվածքի օրինագծին»։

Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տանը Փելոսիի եւ Շումերի հետ հանդիպում կունենա, որտեղ կքննարկի երկրի ենթակառուցվածքի հարցերը, մասնավորապես՝ նորոգման աշխատանքների դաշնային ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու կողմերը կկարողանան ընդհանուր լեզու գտնել «ենթակառուցվածքի մեծ ու վճռական օրինագծի վերաբերյալ»։ Նախագահը եւ դեմոկրատները դեռեւս անցած ամիս պայմանավորվել էին հանդիպման մասին, որտեղ կքննարկվի 2 տրլն դոլար ճանապարհների եւ կամուրջների նորոգման աշխատանքներին հատկացնելու հարցը։

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ը համաձայնել է չեղարկել ավելի վաղ մտցրած տուրքերը Կանադայից եւ Մեքսիկայից ստացվող պողպատի եւ ալյումինիումի հանդեպ։ Փելոսին եւ շատ դեմոկրատներ Ներկայացուցիչների պալատում ասել են, որ կողմերը պետք է խստացնեն աշխատանքային եւ էկոլոգիական չափորոշիչները մինչեւ Կոնգրեսի կողմից համաձայնագրի վավերացումը։

Ենթակառուցվածքի մասին

Ենթակառուցվածքի մասին օրինագիծը համարվում էր այն ոլորտներից մեկը, որտեղ դեմոկրատներն ու հանրապետականները կարող էին գործարք կնքել, բայց վերջերս երկու կողմերը մտահոգություն են հայտնել նման պայմանավորվածության հեռանկարների առնչությամբ։ Հանրապետական կոնգրեսականները հասկացրել են, որ հազիվ թե աջակցեն նման բարձր ծախսերով նախագծին։ Իրենց հերթին, որոշ դեմոկրատներ հարց են տալիս՝ արժե՞ արդյոք Թրամփին նվիրել հաղթանակ ենթակառուցվածքի ոլորտում, եթե նա խանգարում է իրենց ջանքերին մի շարք հետաքննությունների անցկացման հարցում։

Նախագահն իր նամակում կարծում է, որ երկու կողմերին կհաջողվի համաձայնագիր կնքել ենթակառուցվածքի օրինագծի վերաբերյալ, որը նաեւ ուղղված է տրանսպորտային համակարգերի արդիականացմանը։

2018 թվականի սեպտեմբերին Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնագիր կնքեցին նոր առեւտրային պայմանագրի մասին, որը կոչվում է Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի Համաձայնագիր։ Վավերացումից հետո փաստաթուղթը պետք է փոխարինի Ազատ առեւտրի հոյւսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին։