Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) չորեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել RISAT-2B արբանյակը, որը կարող է երկրայն մակերեւույթի դիտարկումներ կատարել անգամ խիտ ամպամածության պայմաններում: NDTV-ն հայտնում է, որ 615-կիլոգրամանոց արբանյակով PSLV-C46 տանող հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել Բենգալյան ծոցում Շրիհարիկոտա կղզու տիեզերակայանից առավոտյան 05:30-ին:

Այնուհետեւ սարքը հաջողությամբ դուրս է բերվել հանձնարարված ուղեծիր: Արբանյակը կարող է Երկրին հետեւել գիշեր եւ ցերեկ՝ եղանակային ցանկացած պայմաններում եւ «կասկածելու հնարավորություն չի տա» այն դեպքում, եթե Հնդկաստանի ԶՈՒ-ն գործողություն անցկացնի, օրինակ՝ պակիստանյան Բալակոտ քաղաքի վրա ավիահարձակման նման, նշում է հեռուստաալիքը:

Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Հնդկաստանի ԶՈՒ «Միրաժ-2000» կործանիչների-ռմբակոծիչների խումբը Բալակոտի մոտ պակիստանյան տարածքում հարված էր հասցրել «Ջաիշ ե Մուհամմադ» («Մուհամմեդի բանակ») ծայրահեղական խմբավորման ճամբարի վրա: Այդ ժամանակ հնդկական կողմը հայտնել էր մեծ թվով ահաբեկիչների ոչնչացման մասին, բայց Իսլամաբադն իր կողմից հայտարարել էր, որ այդ վայրում ոչ մի ճամբար չի եղել, եւ որ հնդկական օդանավերը ռմբակոծել են անտառապատ լեռնալանջերը՝ վնաս հասցնելով բնությանը: Խիտ ամպամածությունն այդ ժամանակ Հնդկաստանին թույլ չէր տվել ներկայացնել հարձակման արդյունքները ապացուցող արբանյակային լուսանկարներ:

Ամենաժամանակակից ռադարով հագեցած նոր արբանյակը Հնդկաստանի ԶՈՒ-ին հնարավորություն կտա ստանալ ճշգրիտ տեղեկություններ եւ իրենց գործողություններին հետեւել եղանակային ցանկացած պայմաններում: RISAT-2B-ը կարող է նաեւ կիրառվել գյուղատնտեսության, անտառտնտեսության կարիքների եւ տարերային աղետներին հետեւելու համար: