Apple կորպորացիան ներկայացրել է իր MacBook Pro նոութբուքի թարմացված մոդելը, որն առաջին անգամ ութմիջուկանի պրոցեսոր ունի։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական տեղեկատվական կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն հրապարակված տվյալների՝ թարմացված MacBook Pro-ն կունենա Intel-ի ութերորդ եւ իններորդ սերնդի պրոցեսոր, ինչն այն ավելի արագ կդարձնի նախորդների համեմատ։ Ինչպես եւ առաջ, նոութբուքը կներկայացվի երկու չափով՝ 13 եւ 15 մատնաչափ, եւ երկու գունային տարբերակով՝ «արծաթավուն» եւ «գորշ տիեզերք»։

MacBook Pro-ի մեծ տարբերակը հասանելի կլինի վեց եւ ութմիջուկանի պրոցեսորներով։ 13 մատնաչափով տարբերակը կմատակարարվի թարմացված չորսմիջուկանի պրոցեսորով։ Համակարգիչները հագեցած կլինեն սենսորային բազմաֆունկցիոնալ Touch Bar վահանակով։

1976-ին հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից եւ iPad-ներից, արտադրում է նաեւ iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ Կորպորացիայի կենտրոնատեղին Կուպերտինոյում է եւ ամենամեծերից է աշխարհում, ընկերության շուկայական կապիտալացումը 2018-ի աշնանը գերազանցել է 1 տրլն դոլարը, բայց ներկայում նվազել է մոտ 840 մլրդ դոլարով։