Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին NEWS.am հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝  նշելով, որ փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարարված ժամկետներում:

«ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ լիբանանյան ELARD կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, արդեն կազմել է նախնական եզրակացությունը, որը, ընդհանուր առմամբ, դրական է հանքը շահագործողի համար։