ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի հանրահավաքում հիացել է իր կողմնակիցներից մեկով, որը եկել էր աղյուսե պատի հագուստով, եւ նրան հրավիրել է բեմ բարձրանալ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկուշաբթի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին ելույթի ընթացքում Թրամփն իր կողմնակիցների ամբոխի մեջ նկատել է մի տղամարդու՝ արտասովոր հագուստով, եւ հիացմունք ապրել։ Նա խնդրել է տղամարդուն բեմ բարձրանալ, ինչից հետո համընդհանուր խնդության ներքո սեղմել է նրա ձեռքը։

«Բերեք նրան այստեղ։ Մի այս տղային նայե՛ք»,- ասել է Թրամփը։ «Հիմա մենք գիտենք, թե ում օգտին է նա քվեարկելու»,- կատակել է նախագահը։

Լուսանկարներում, որոնք ներկայացնում է հեռուստաալիքը, երեւում է, որ տղամարդը հագել է աղյուսե պատի պատկերով հագուստ, իսկ ձեռքին պաստառ է՝ «Կառուցիր ինձ» մակագրությամբ։

Տեղեկացվում է, որ նման հագուստ կարելի է գնել ինտերնետում մոտ 80 դոլարով։  

Սահմանին պարսպի եւ պատի կառուցումը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր։