Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը որեւէ դատավարական կարգավիճակ չունի, նա մինչ այս պահը չի հարցաքննվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Աթոյանի փաստաբան Լեւոն Սահակյանը։

«Կորյուն Աթոյանը նույնիսկ վկայի կարգավիճակ չունի»,–ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ Աթոյանը դեռեւս մայիսի 17–ին դիմում է ներկայացրել ԱԱԾ քննչական դեպարտամենտ իրեն հարցաքննելու խնդրանքով, սակայն մինչ այս պահը իրեն չեն հրավիրել հարցաքննության։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած ենթադրյալ վատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից փոխանցվել է քննչական կոմիտե։

Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը քննչական կոմիտեից էլ իր վստահորդին չեն հրավիրել հարցաքննության։

Ավելի վաղ ԱԱԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով վատնման համար։