Փորձը ցույց է տալիս, որ մայիսի 28-ի նախաշեմին Ադրբեջանը ավելի ագրեսիվ է դառնում: Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպառազինությունների մրցավազքը եւ քաղաքական հարթակներում ճնշման փորձերը:

«Այս օրերին հերթական խոշոր զորավարժությունն է անցկացվում՝ տարվա սկզբից ամենամասշտաբայինը:

Մենք չպետք է կորցնենք զգոնությունը, առավել եւս, որ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, մայիսի 28-ի նախաշեմին (Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին հանրապետությունների ստեղծման օրը) հակառակորդն ավելի ագրեսիվ է դառնում», - ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, բանակցային գործընթացում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընդամենն Ադրբեջանը փորձում է գտնել այլ ուղիներ եւ այլ կերպաներ, կառուցողական գործընկերոջ դեր է խաղում՝ քննարկելով հարցեր, բայց դա միայն պաշտոնական գործընթաց է:

Պատասխանելով ապրիլի 2016-ի իրադարձությունների հետաքննության համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վարչապետի նախաձեռնության մասին հարցին, Թեւան Պողոսյանը նշեց, որ գաղափարը ինքնին դրական է, եթե այն ուղղված է դասեր քաղելուն: «Թող անեն:  Բայց ամենակարեւորն այն է, թե արդյոք կլինեն արդյունքներ եւ ինչ կլինի, երբ կլինեն արդյունքները», - ավելացրեց քաղաքագետը, նշելով, որ դա մեզ համար սառը ցնցուղ էր:

Պողոսյանը նկատեց, որ այդ իրադարձություններից հետո սկսել են ավելի շատ ինժեներական աշխատանքներ կատարել, փոխել են մոտեցումը, ձեռք են բերել դիտարկման եւ ծանուցման համակարգեր:

Որպես հնարավոր բացասական հետեւանք  Պողոսյանը մատնանշեց բռնության փորձերը, ինչը հանգեցնում է պառակտման: «Մինչ մենք այստեղ հարցեր լուծենք, թշնամին չի սպասի: Հետաքննության բոլոր արդյունքները պետք է ծառայեն միասնությանը, այլ ոչ թե պառակտմանը: Միայն միասնության մեջ է հաղթանակը, իսկ պառակտումը տանում է պարտության», - զգուշացրեց Թեւան Պողոսյանը: