Եթե այսպես շարունակվի, գալու է ժամանակը, որ ընդհանրապես ներքին արտադրող չենք ունենալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ անդրադառնալով Տուրքերի մասին օրենքում փոփոխությանը, ըստ որի, ներկրվող ցեմենտի վրա դրվում է 14 հազար դրամի տուրք, իսկ ցեմենտի հունքի՝ կլինկերի վրա տուրք չի կիրառվում:

«Մենք ունենք երկու խոշոր արտադրողներ, որոնց ասում ենք՝ գիտե՞ք ինչ կա, հլա փակվեք շուտ: Սա մոտեցում չի: Եթե որոշել ենք դրսից հումք բերենք, որ ներսի արտադրողին նեղացնենք, մինչեւ հասկանաք, թե ինչ է, այդ ամենը կորցնելու եք: Սա բերելու է գործարանների փակման: Գալու է մի օր, որ աշխատատեղերի կորուստ ենք ունենալու»,-հայտարարեց նա:

ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Մադաթյանն էլ նշեց, որ Իրանից ներկրվող ցեմենտը որեւէ փորձաքննություն չի անցել, ինչը ռիսկ է պարունակում հատկապես երկրաշարժ տեսած Հայաստանի համար:

ԲՀԿ-ականներին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Սարգսյանը՝ նշելով. «Մենք արդեն երկու ամիս այս հարցը քննարկում ենք, ԲՀԿ-ն չի մասնակցել: Դուք պատկերացում ունե՞ք, թե ինչ բուռն քննարկումներ են եղել, ինչ հակամարտությունների մեջ ենք հայտնվել  մի կողմից ներմուծողներն էին իրենց շահերն առաջ տանում, մի կողմից արտադրողները, մի կողմից շինարարները: Դուք քննարկումներին չեք մասնակցել, այսօր եկել ամպագորգոռ հայտարարություններ եք անում: Ճիշտ է, մենք ներկրվող ցեմենտի վրա տուրք կիրառելով պաշտպանում ենք ցեմենտ արտադրող գործարանների տերերի շահերը, բայց մեզ համար դա էական չէ, մեզ համար էական է այդ գործարաններում աշխատողների շահերի պաշտպանությունը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանն էլ նշեց, որ տեղական արտադրողին ուղղված պրոտեկցիոնիզմը երկարաժամկետ հատվածով չի կարող նպաստել ճյուղի մրցունակության բարձրացմանը, որակի բարձրացմանը, գների իջեցմանը. «Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ մշակի այս ճյուղի զարգացման ծրագիր, թե ինչ միջոցներով, ինչ քայլերով ենք բարձրացնում մրցունակությունը»:

Նա նաեւ նկատեց, որ իրանական ցեմենտի վրա տուրք կիրառելը Իրանի կողմից կարող է դիտվել որպես ոչ բարեկամական քայլ եւ հրահրել առեւտրային պատերազմ, որ նրանք էլ պատասխան տուրքեր սահմանեն հայկական ապրանքների նկատմամբ:

«Իմ քայլից» Հայկ գեւորգյանը նշեց, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելը չի նպաստելու, չի խթանելու, որ արտադրողները արդիականացնեն իրենց արտադրությունը, ուղղակի գոյությունը շարունակելու են այնպես, ինչպես հիմա կա:

Ամփոփելով ելույթները, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ստեղծված աշխատանքային խումբը կշարունակի աշխատել. «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ պետք է անել: Մեր նպատակը ոչ թե տեղական արտադրողին աննպատակ պաշտպանելն է, այլ այնպես անել, որ նրանք դառնան մրցունակ»:

Ի վերջո, նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը եւ հարցը կքննարկվի մայիսի 29-ից մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սկզբում կառավարությունն առաջարկել էր 22 հազար դրամի պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Դրանից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվեց, որ տուրքը պետք է կիրառել միայն ցեմենտի վրա, իսկ կլինկերի նկատմամբ պետտուրքը չկիրառել, քանի որ կան նաեւ փոքր արտադրողներ, որոնք ցեմենտ են արտադրում կլինկեր ներկրելով:

Նշենք, որ երբ պարզվեց, որ կլինկերի վրա պետական տուրք չի կիառվելու, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի տնօրինությունը իր 1200 աշխատակիցներին ծանուցագրեր բաժանեց, որ 2 ամսից ազատվում են աշխատանքից: Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե ներկրվող կլինկերի վրա տուրք չկիրառվի, իրենք էլ կազատեն աշխատակիցներին եւ ցեմենտ կարտադրեն դրսից կլինկեր բերելով: Ավելի ուշ Ծառուկյանը իր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նրանց ասաց, որ կարող են պատռել ծանուցագրերը:

Ու հիմա, ըստ էության, նախագծով սահմանվում է, որ կառավարությունը ոչ միայն կլինկերի վրա տուրք չի սահմանում, այլեւ նվազեցնում է նաեւ ներկրվող ցեմենտի տուրքը: