Ես ոչ թե գրառում եմ արել, այլ կիսվել եմ մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառմամբ, որը չեմ հեռացրել, այն շարունակում է մնալ իմ ֆեյսբուքյան էջին: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, ըստ որի Հայկ Սարգսյանի գրառումը կոպիտ միջամտություն եւ ճնշում է դատարանների վրա:

Այս առնչությամբ, Հայկ Սարգսյանն ասաց. «Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձեւով մեկնաբանում էր եւ հարվածում էր նախկին իշխանություններին, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել: Հայկ Ալումյանը Շիրխանյանի պաշտպանը լինելով, երբ Շիրխանյանը փաստացի ցուցմունք էր տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը կարճ ժամանակ հետո եկել ու դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես իրեն ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ:

Հայկ Ալումյանն այն մարդն է, որ հրազենով ինձ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով նախկինում հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության կազմակերպման մեջ է մեղադրվել, կալանավորվել ու պատիժ է կրել: Այդտեղ շահերի բախում չեք տեսնո՞ւմ:

Ինչպես կարող է մարդը պաշտպանի երկու տարբեր մարդկանց, որոնք մեկը մյուսի նկատմամբ ցուցմունք են տալիս: Ես նման մարդուն ո՞նց մեկնաբանեմ: Ինքը միայն մեկ ճիշտ բան կարող է անել՝ փոխի իր անունը, որովհետեւ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող այլ քաղաքացիներին»:

Անդրադառնալով փաստին, որ ինքը միացել էր դատարանների ելքերն ու մուտքերը փակող քաղաքացիներին, նա ասաց, որ ինքը գնացել է իր աջակցությունը հայտնելու իրենք քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիներին. «Ես իմացա, որ վարչապետը նման կոչ է արել եւ մեկնեցի դատարանների մոտ»: