2010 թվականին բուքմեյքերական ընկերությունների ծավալը բոլորը միասին կազմել է 14 մլրդ դրամ, իսկ արդեն 2018-ին այդ թիվը հասել է 306 մլրդ դրամ, այսինքն աճել է 23 անգամ: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ 306 մլրդ դրամից բյուջե է մուտքագրվում 4 մլրդ դրամ ընդամենը, այսինքն շրջանառության 1,4 տոկոսը: «Եթե մենք կարողանանք սրա դեմն առնել եւ այդ 306 մլրդ դրամն ուղղվի այլ ճյուղեր, կունենանք մոտավորապես 20 մլրդ դրամի մուտքեր բյուջե»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով, ոլորտում շրջանառության 83 տոկոսը օնլայն խաղերի միջոցով է կատարվում եւ միայն 16-17 տոկոսն է գրասենյակային եղանակով ստացվում. «Իմ ընկեր Ալեն Սիմոնյանի նախագծով մենք պայքարում ենք այդ 16-17 տոկոսի դեմ, ինչին ես կողմ եմ, բայց չեմ ուզում մոռանանք այդ 83 տոկոսի մասին: Օնլայնի տեսակարար կշիռը գնալով մեծանում է եւ եթե ոչինչ  էլ չանենք, 1-2 տարի հետո այդ գրասենյակները փակվելու են, միայն օնլայնն է լինելու: Եթե մենք փակենք գրասենյակները, նարնց մեծ մասը տեղափոխվելու է օնլայն տիրույթ: Չենք պայքարելու մոլախաղերի դեմ, ուղղակի լինելու է աշխատատեղերի կրճատում»մ-ասաց պատգամավորը: