Հայաստանում ընդդիմությունը դեռեւս չի ընկալել, որ ՀՀ–ում իշխանությունը ժողովրդին է պատկանում. ոչ միայն գործադիրը եւ օրենսդիրը, այլ  նաեւ դատական իշխանությունն է պատկանում ժողովրդին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով դատարանների մուտքերն ու ելքերը փակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հաջորդած դատապարտող արձագանքների մասին։

Պատասխանելով դիտարկմանը, որ միջազգային կառույցներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ դատապարտեցին վարչապետի կոչն ու դատարանների արգելափակման ակցիան, նա ասաց. «Տեսաք ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի եւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, իսկ ընդդիմության արձագանքը էմոցիոնալ եւ պահի տակ արձագանք էր։ Նույն ընդդիմությունը դեռեւս չի ընկալել, որ ՀՀ–ում իշխանությունը ժողովրդին է պատկանում, ոչ միայն գործադիրը եւ օրենսդիրը, այլ  նաեւ դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Խոսելով կոչին արձագանքած 1100 քաղաքացիների թվի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ակցիա է եղել, որը վերաբերվել է ամբողջ հանրապետությունը։ Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում հանրապետության հրապարակը կլցնի, որովհետեւ մենք ժողովրդի հետ համագործակցում եւ ներկայացնում ենք ժողովրդին»։

Իսկ պատասխանելով հարցին, թե ինչու տասնյակ հազարավոր քաղաքացիների փոխարեն արձագանքեց  միայն 1100 հոգի, չէ որ վարչապետի կողմից կոչ էր եղել, Աժ փոխնախագահը հարցրեց. «Իսկ կարիք կա՞ր, այն քանակը, որ եղել է եւ այն փաստը, որ բոլոր դատարանները շրջափակված են եղել, խոսուն է»։

Նա վերահաստատեց իր կարծիքը, որ դատարանների արգելափակմամբ դատական իշխանությանը որեւէ միջամտություն չի եղել.  «Դա քաղաքական ակցիա էր»։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը, իսկ 12.00-ին ինքը հանդես կգա դատաիրավական համակարգում առկա վիճակի մասին ելույթով։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: ԵԽԽՎ համազեկուցողներն ու Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը իրենց մտահոգություն են հայտնել այս կոչի առնչությամբ։ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանունը իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն  քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր աջակցությունն էր հայտնել դատաիրավական համակարգի բարեփոխումներին։