Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Շվեդիայի պես գործընկերոջ հետ հարաբերությունները խորացնելու յուրաքանչյուր հնարավորություն բարձր է գնահատվում Կառավարության կողմից: Փոխվարչապետը անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին եւ հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները:

Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ Կառավարության գերակայությունների համապարփակ ներկայացման համար: Այնուհետեւ դեսպանը խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները եւ աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն եւ տնտեսության զարգացում:

Փոխվարչապետը խոսել է Հայաստանում նշված երեք ուղղություններով առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ նախանշված բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում հնարավոր է զարգացնել համագործակցությունը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ:

Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի եւ, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների շուրջ, անդրադարձել թվայնացման կարեւորությանը:

Հանդիպման մասնակիցները խոսել են հայ-շվեդական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների եւ հեռանկարի շուրջ՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը եւս մեկ կարեւոր քայլ կհանդիսանա հարաբերությունների հետագա ընդլայնման համար: