Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու անունը կրող փողոցը Սուրբ Մովսես Խորենացու անվանափոխելը Երեւանի բյուջեում որեւէ լրացուցիչ ծախս կամ փոփոխություն անելու անհրաժեշտություն չի առաջացնի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց այդ օրինագիծը ներկայացնող «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Առաջարկը, սակայն, միանշանակ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ արդյո՞ք հաշվարկվել են ֆինանսական միջոցները, որոնք կպահանջվեն փողոցների ցուցանակների եւ անձնագրերում հասցեների փոփոխության համար: Հարցից դժգոհեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի  Խաչատրյանը. «Երեւանի քաղաքապետը տարին մեկ փոխում է քաղաքի ցուցանակները, եւ դա առանձնապես ծախս չի, եթե փոխելուց  այդ բառն էլ ավելանա: Բա ինչի՞ չէիք խոսում, որ Եվրոպայի հրապարակն էինք անվանափոխում, բա էդ ժամանակ հոգեբանական եւ տնտեսական խնդիրներ չկայի՞ն: Թե՞ որ «Լուսավոր Հայաստանն» է բերել նախագիծը, պարտադիր է`  էսպես…..»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ նշեց. «Ես չեմ հասկանում, թե ինչ եք քննարկում: Եթե կարող եք ունենալ ազնվություն եւ այս տակից-գլխից ձեւակերպումները, որ անում եք... ազնվորեն ասեք, որ այստեղ սուրբ բառը կա, դրա համար է մեր կռիվը, ես անկեղծորեն կհասկանամ: Որեւէ մեկը մեզնից այստեղ կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ չե՞ն»,-ասաց Առաքելյանը: Նա հիշեցրեց, որ երեք գործիչներն էլ հոգեւորականներ են եղել. «Եթե չգիտեք, գնացեք հայոց պատմություն կարդացեք: Ի՞նչն է ձեզ տանջում, եթե փողոցը կոչվում է Սուրբ Մովսես Խորենացի»: