ՀՀ նախկին փոխոստիկանապետ  գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի եւ նրա հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Մեր տեղեկություններով այս գործով մեղադրյալները Լեւոն Երանոսյանի տղան ու փեսան են, նրանց մեղադրանք է առաջադրվել մայիսի 7–ին։

Նշենք, որ Լեւոն Երանոսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի տղայի եւ փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի։