Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում սպանել են միսիոներ Ինես Նյեւաս Սանչոյին, այս մասին հայտնել է քաղաքի թեմի ղեկավար Բանգասու Խոսե Ագիրեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ֆրանսիական Filles de Jesus de Massac միաբանության 77-ամյա ներկայացուցչին գլխատել են Նոլա թաղամասում:

Կնոջ անդամատված մարմինը հայտնաբերել են մայիսի 20-ին: Միսիոները, որը բացի Իսպանիայի քաղաքացիությունից, նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում աշխատել է 26 տարի:

COPE իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցում Ագիրեն պատմել է, որ կնոջը «հանել են անկողնուց», իսկ հետո նրան համարյալ գլխատված են գտել:

 «Երեքշաբթի նրան արդեն թաղել են», — հավելել է նա:

Միսիոների մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը:

«Իմ ցավակցությունները եւ սերը Ինեսի եւ միսիոներ Ֆերնանդոյի ընտանիքին, որին վերջերս են սպանել Բուրկինա Ֆասոյում: Հարգում եմ նրանց աշխատանքը՝ ի բարօրություն բոլոր կարիքավորներին», — թվիթերում գրել է նա:

Միսիոներ Ֆերնանդո Էռնանդեսին սպանել են Բուրկինա Ֆասոյում մի քանի օր առաջ: Դեպքից որոշ ժամանակ առաջ աշխատանքից հեռացված խոհարարը նրան դանակով բազմաթիվ վնասվածքներ էր հասցրել: