NEWS.am–ի տեղեկություններով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով կհրավիրվի, որի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին Հանրապետության դատարանների մուտքերն եւ ելքերը արգելափակելու գործողություններն ու դրան հաջորդած վարչապետի հայտնի ելույթը։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։

Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Այս գործողություններին հաջորդեցին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ տարբեր  միջազգային տարբեր կառույցների հայտարարությունները, որոնք դատապարտում էին դատական համակարգին միջամտելու գործադիրի քայլերը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերադառնալ իրավական դաշտ։