«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ըստ Նավասարդյանի՝ հարցման ընթացքում քաղաքացիներին խնդրել են նշել ըստ իրենց ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: «45%-ը նշել է գործազրկությունը, 40,5%` տնտեսական վիճակը, 26,8%-ը`ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 26,1%-ը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր կարևորությունը տվել են ահաբեկչությանը` 0.2%:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի: