Պեկինը պատրաստ է վերսկսել առեւտրային բանակցությունները Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանը եւ ԱՄՆ-ն դեռեւս չեն որոշել նոր հանդիպման ամսաթիվը.  մայիսի 10-ին տեղի ունեցած բանակցությունների նախորդ փուլն անհաջող էր ավարտվել:

«Չինաստանը դեռեւս պատրաստ է շարունակել բանակցությունները ամերիկացի գործընկերների հետ՝ համաձայնության հասնելու համար: Մեր դուռը դեռ բաց է», - ասել է Տյանկայը Fox News Channel-ում:

Նա ամերիկյան կողմին մեղադրել է նրանում, որ նա հաճախ «փոխում է իր կարծիքը» երկրների միջեւ առեւտրային վեճերը դադարեցնելու նախնական պայմանավորվածությունների ժամանակ:

Հենց ԱՄՆ-ն է կտրուկ նահանջել անցյալ տարի  համաձայնեցված որոշ պայմանավորվածություններից, ասել է նա:

Դիվանագետի կարծիքով՝ Huawei ընկերության նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները ոչ մի հիմնավորում եւ ապացույց չունեն եւ կարող են խաթարել շուկաների նորմալ գործունեությունը:

«Բոլորը գիտեն, որ Huawei-ը մասնավոր ընկերություն է: Սա սովորական չինական մասնավոր ընկերություն է», - ասել է դիվանագետը:

«Սա նշանակում է, որ Huawei-ի դեմ ձեռնարկված բոլոր միջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն»: