Թուրքիան պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին ռուսական Ս-400 ԶՀՀ գնելու պատճառով, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ նաեւ նշելով F-35 կործանիչներ ձեռք բերելու շուրջ ԱՄՆ հետ բանակցություններում որոշ առաջընթացի մասին, փոխանցում է Reuters-ը:

«Մենք անում ենք այն, ինչը նախատեսված է սովորական երկկողմ համաձայնագրերով: Չնայած ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ խնդիրներ, մենք ուրախ ենք, որ մինչեւ հիմա տեղի չի ունեցել ոչ մի կտրուկ շրջադարձ... Թուրքիան նաեւ պատրաստվում է CAATSA պատժամիջոցների հնարավոր սահմանմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«F-35-ի համաձայնագրում ոչ մի տեղ կետ չկա Ս-400 ձեռք բերելու պատճառով գործընկերությունից բացառելու մասին,- ասել է նա: - Թուրքիան 1,2 մլդ դոլար է վճարել: Մենք նաեւ ժամանակին պատրաստել ենք մեզ մոտ պատվիրված մասերը: Մենք էլ ի՞նչ կարող ենք անել որպես գործընկեր»:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը սպառնալիքի տակ է դնում F-35-ի անվտանգությունը, եւ Անկարային զգուշացրել է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակում պատժամիջոցների հնարավոր սահմանման վերաբերյալ:

ՌԴ-ն Թուրքիայի հետ գործարքի հաջող ավարտի հույս ունի եւ անընդունելի է համարում ԱՄՆ պահանջները: «Մենք անթույլատրելի ենք համարում համանման վերջնագրերը, ելնում ենք այն հայտարարություններից, բազմաթիվ հայտարարություններից, որոնք կատարել են նաեւ թուրքական ղեկավարության ներկայացուցիչները՝ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որ Ս-400-ի գործարքը, ըստ էության, արդեն ավարտված է: Ուստի սրանից ենք ելնում, այդ գործարքն իրականացվում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: