ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերեւույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ եւ շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը եւ յուրացրել ստացված մետաղյա խողովակները: Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: