ԱՄՆ պաշտոնական անձինք, որոնք Կոնգրեսին տեղեկացրել են Իրանի հետ կապված իրավիճակի մասին, փորձել են օրենսդիրներին համոզել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է զսպել Թեհրանի ագրեսիան, այլ ոչ թե հարձակվել Իսլամական հանրապետության վրա, հաղորդում է Reuters-ը:

«Հուսով եմ՝ նրանք կմեղմացնեն հռետորաբանությունը: Նրանք փորձել են նման տպավորություն ստեղծել»,- ասել է Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ու պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ճեպազրույց էին անցկացրել այն բանից հետո, երբ օրենսդիրները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, մի քանի շաբաթվա ընթացքում պահանջել են հավելյալ տեղեկություն տրամադրել Իրանի հետ լարվածության սրման մասին:

Վարչակազմի պաշտոնյաները նմանատիպ ճեպազրույց են անցկացրել:

Փակ դռների ետեւում նրանք օրենսդիրներին բացատրել են, որ Իրանն անխուսափելի սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Որոշ դեմոկրատներ հայտարարել են, որ թերահավատորեն են մոտենում սպառնալիքի նման մակարդակին, սակայն հանրապետականները համաձայնել են, որ ամերիկացիների համար մեծ ռիսկ գոյություն ունի:

«Տարածաշրջանում պատերազմելու մտադրություն չկա: Սա զսպող օպերացիա է»,- լրագրողներին հայտնել է հանրապետական Մայք ՄքՔոլը:

Շանահանը զրույցից հետո հայտարարել է, որ վարչակազմն իրավիճակը սրելու մտադրություն չունի, եւ որ խոսքն Իրանին զսպելու մասին է միայն:

Անցած շաբաթ Վաշինգտոնը հետ էր կանչել Բաղդադից իր դիվանագիտական անձնակազմին՝ Պարսից ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը:

Սենատի նիստից հետո հանրապետական Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում վերջին հարձակումներն ապացուցում են «Թեհրանի եւ շիիթական ոստիկանության միջեւ կապը»:

Որոշ դեմոկրատներ վարչակազմի պաշտոնյաներին մեղադրել են հետախուզությունը խեղաթյուրելու մեջ: Բացի այդ, նրանք մեղադրել են Թրամփի վարչակազմին Իրանի հետ կապված երկարաժամկետ ծրագիր չունենալու մեջ: