Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, ուրբաթ հայտարարի հրաժարականի մասին, հայտնում է Times պարբերականը՝ վկայակոչելով Մեյի կողմնակիցներին:

Չորեքշաբթի երեկոյան բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հրաժարական էր ներկայացրել երկրի վարչապետի հետ Brexit-ի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:

Պարբերականը պնդում է, որ Մեյի կողմնակիցները կարծում են, որ նա հրաժարականի մասին կհայտարարի սըր Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո:

Մեյը հուսալով հասնել Brexit համաձայնագրին պատգամավորների աջակցությանը՝ նախօրեին հանդես էր եկել մի քանի խոստումներով, որոնք նրա տեսակետից կարող էին տարահամոզել փաստաթղթի հակառակորդներին, որը չորրորդ անգամ խորհրդարան կներկայացվի հունիսի սկզբին: Մեյի հայտարարություններից կարեւորը այն խոստումն էր, որ խորհրդարանին հնարավորություն կտա քվեարկել երկրորդ հանրաքվե անցկացնելու եւ ԵՄ-ի հետ ապագա առեւտրային հարաբերությունների սցենարների հարցերով: