Ճապոնական Panasonic կորպորացիան հայտարարել է, որ դադարեցնում է առեւտրային գործողությունները Huawei-ի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը չինական ընկերությունը մտցրել է սեւ ցուցակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով FNN հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ճապոնական ընկերությունը դադարեցրել է բոլոր առեւտրային գործողությունները Huawei-ի, ինչպես նաեւ նրա հետ առնչվող 68 ընկերությունների հետ։

Huawei-ի հետ հարաբերությունները չորեքշաբթի դադարեցրել են ճապոնական SoftBank եւ KDDI (au) բջջային օպերատորները՝ հայտարարելով, որ հետաձգում են մայիսի 24-ին նախատեսված Huawei հեռախոսների վաճառքը։ Մի փոքր ավելի ուշ նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ NTT Docomo բջջային օպերատորը։ Ընկերությունները դադարեցրել են նաեւ չինական արտադրողի նոր մոդելների, մասնավորապես՝  P30 lite-ի գնման նախնական հայտերի ընդունումը։

Բջջային օպերատորների որոշումը հաջորդել է ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարությանը մայիսի կեսին Huawei-ը սեւ ցուցակ մտցնելու մասին։ Huawei-ը նաեւ այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։ Google-ն արդեն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման եւ տեխնիկական ծառայությունների փոխանցում բացի նրանցից,  որոնք հասանելի են բոլորին բաց արտոնագրով։