Սպանված հոր ժառանգությունից հրաժարվելը ընդգծում է Խաչատրյան քույրերի մոտ սպանության շահադիտական մղումների բացակայությունը: Այսպիսի հայտարարություն է կատարել մեղադրյալներից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը, հայտնում է «360»-ը: 

«Քույրերը հրաժարվել են ժառանգությունը ընդունելուց: Նրանք չեն հավակնում ո՛չ բնակարանին, ո՛չ որեւէ նյութական բարիքի կամ ֆինանսական աղբյուրների»,- ասել է Պակուլինը:

Պաշտպանը նշել է, որ աղջիկներից ոչ մեկը չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ հարազատ հոր անցյալ կյանքի հետ:

Դրանից բացի, փաստաբանը հայտարարել է, որ կմիջնորդի հանգուցյալ Միխայիլ Խաչատրյանին մեղավոր ճանաչելու համար: Նրա կարծիքով՝ ««ծեծ» հոդվածը ամենամեղմն» է, որը կարող է տարածվել աղջիկների հոր վրա:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը՝ պարանոցի եւ կրծքավանդակի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով 2018 թվականի հուլիսի 27-ին հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում: Սպանության կասկածանքով ձերբակալվել էին տուժածի դուստրերը: Նրանց մեղադրանք է առաջադրվել: Աղջիկները կալանքի տակ են եղել մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 27-ը: