Շանհայի միջին աստիճանի դատարանը մահապատժի է դատապարտել շիզոֆրենիայով հիվանդ տղամարդու, որն անցած տարվա հունիսին դանակահարել էր երկու դպրոցականի, որպեսզի «վրեժ լուծի հասարակությունից», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 28-ին Սյուեհուեյ շրջանում, տարրական դպրոցի դարպասների մոտ։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք դպրոցականի եւ մի կնոջ վրա։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ոստիկանությունը անցորդների օգնությամբ կալանել է կասկածյալին։ Հարձակվողը 29-ամյա գործազուրկ էր։ Ոստիկանության հայտարարությամբ՝ տղամարդը որոշել էր վրեժ լուծել հասարակությունից այն պատճառով, որ աշխատանք գտնել չի կարողանում։

Հինգշաբթի Շանհայում տեղի ունեցավ դատավճռի հրապարակումը։ Դատարանը ամբաստանյալ Հուամ Իչունին դատապարտեց մահապատժի եւ ցմահ զրկեց բոլոր քաղաքական իրավունքներից։

Գործի նյութերի համաձայն՝ դատապարտյալը 2017-ի մարտից մինչեւ հոկտեմբեր թիրախ է որոնել եւ լուսանկարներ արել Շանհայի եւ Գուանչժոուի տարբեր դպրոցներում եւ մանկապարտեզներում։

Դատահոգեբանական փորձաքննությունը նրա մոտ հայտնաբերել է շիզոֆրենիա, փորձագետները եկել են այն եզրակացության, որ այս գործում նա սահմանափակ քրեաիրավական գործունակություն ունի։ Բայց դատարանը, հաշվի առնելով հանցագործության առանձնակի ծանրությունն ու վտանգավորությունը, որոշել է մահապատժի դատավճիռ կայացնել։

Վերջին ժամանակներս Չինաստանում հարձակումները երեխաների վրա ավելի հաճախ են տեղի ունենում, միայն վերջին մի քանի ամիսներին տեղի են ունեցել նման մի քանի միջադեպեր։ Ավելի հաճախ նման հարձակումներ կատարվում են հենց «հասարակությունից վրեժ լուծելու» համար, որոշ հանցագործներ իրենց չարագործությունների համար ընտրում են դպրոցները, որտեղ նրանք սովորել են եւ ենթարկվել ծաղրուծանակի հասակակիցների կողմից։ Երբեմն դրանք պատահաբար են ընտրվում։