ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարեւորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։

Նախարար Խաչատրյանը եւ դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների եւ հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարեւորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը, որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար եւ ներուժ են պարունակում։

Դեսպան Սագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումների վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները եւ արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։