ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։

Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել եւս մեկ շաբաթօրյակ։

Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ եւ մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաեւ ոչ մարդաշատ եւ բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։

Փոխնախարարը մարզպետների տեղակալներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի համար մշակել մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզներ, գոտիավորման սխեմաներ, ձեւավորել մաքրման աշխատանքների համակարգման խմբեր։