Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին:

Օրինագծերը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաեւ այլ զորքերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը.

կենսաթոշակը նշանակվում է.

Ա. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու՝ այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

Բ. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք եւ այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

Հայաստանի հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված  կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս` նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.

կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս`  ավել վճարված կենսաթոշակի գումարներից հաշվանցվում է ոչ միայն կենսաթոշակի, այլ նաեւ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարը (եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք).

թաղման նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է մինչեւ իր վերաբերյալ որոշում կայացնելը.

կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալները  ներկայացնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, այլ ոչ թե լիազոր մարմին.

կենսաթոշակային վճարը պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով։

«Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որեւէ տեսակի նպաստի իրավունք եւ այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից,

թաղման նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչեւ իր վերաբերյալ որոշում կայացնելը,

նպաստ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` ավել վճարված նպաստի գումարներից հաշվանցվում է կենսաթոշակի կամ այլ նպաստի գումարը (եթե նպաստառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի կամ այլ  նպաստի իրավունք)։