Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիտում որոշում կայացրեց, որով հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

Կառավարությունը նաեւ համաձայնություն տվեց Կաթնաղբյուր վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով, 1761,408 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող և 0,8822 հեկտար մակերեսով, 846,912 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այս ոշորման ընդունումը բխում է Լոռու մարզի, մասնավորապես Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության շահերից, ինչպես նաև Լոռու մարզի, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարից:

«Նյու Իդա» ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում: Ներդրումները պետք է կատարվեն 18 ամսվա ընթացքում:

Պապիկյանը նշեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է եւ նախատեսվում է, որ այն ներդրումներ է բերելու Չինաստանից: Պապիկյանի խոսքով, ընկերությունն արդեն ձեռք է բերել 1,2 հա տարածք, իսկ հարակից 2,7 հա տարածքը գալու է ամբողջացնելու 4 հա տարածքում այդ գործարանի կառուցման համար:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի

համայնքի վարչական տարածքում գտնվող Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով փոխանցել «Նյու Իդա» ՍՊԸ-ին որպես սեփականություն` հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: