Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քմ մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ տարածքը հանձնվում է թեթեւ արդյունաբերության զարգացման նպատակով ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով եւ դեպի շուկա մուտք ապահովելով» Ծրագրի հետ համատեղ թեթեւ արդյունաբերության ոլորտի ուսուցման կենտրոնի ձեւավորման, մասնագետների պատրաստման եւ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել թեթեւ արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման եւ մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն, ինչը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով։