Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում, ինչպես եւ նախկինում, ստիպված է դիմակայել հարձակումներին, եւ դա արվում է հաջող։ Այս մասին ասել է պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ճեպազրույցում։

Պատասխանելով  այն հարցին, թե ինչ չափով է Հայաստանին հաջողվում օգտվել ՍԾՏՀԿ հարթակից տնտեսության զարգացման համար, Թունյանն ասել է, որ մեծ հարց է, թե որքանով է առհասարակ այդ հարթակը պիտանի տնտեսական նախագծերի իրականացման համար։ Նրա խոսքով՝ տնտեսական հարցերի հիմքում քաղաքականությունն է, իսկ կազմակերպության մասնակից երկրները բազմաթիվ հակասություններ ունեն։ «Մեծ սպասելիքներ չկան։ Մեր սպասումն առավելագույնը թեմայում լինելն է։ Կարծում եմ, այստեղ օգուտն ավելի շատ երկկողմ հարաբերություններից է»,- նկատել է խորհրդարանականը։ Նա նշել է, որ սեպտեմբերին հաջորդ նիստի թեման լինելու է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ «Թեման ուղղակի վերաբերում է մեզ։ Բայց վերցնենք կոնկրետ թեմա. Վերին Լարսի այլընտրանքի ստեղծումը։ Պետք է առնվազն երեք կողմերի համաձայնությունը, իսկ դրան հասնելը շատ դժվար է։ Այսպիսով, ՍԾՏՀ ԽՎ հարթակը պետք է շփման համար։ Չարժե գերագնահատել կամ թերագնահատել այն»,- կարծում է Թունյանը։

Ինչպես նշեց պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՍԾՏՀԿ շրջանակում երկու հարթակ կա՝ ՍԾՏՀ ԽՎ խորհրդարանների մակարդակով, եւ կառավարությունների մակարդակով։ Կոնկրետ ՍԾՏՀ ԽՎ մակարդակում պարբերաբար ձեռնարկվում են հակահայկական փորձեր, ընդ որում՝ դրանց մասնակցում են գրեթե բոլոր պատվիրակությունները, բացի Ռուսաստանից։ «Մեզ հաջողվում է դիմակայել հարձակումներին։ Փորձում են մեր պատվիրակության համար անհարմարություն ստեղծել, բայց անհաջող։ Մենք հիանալի ենք զգում մեզ, եւ մեր գնահատականները նման նկրտումներին բավական կոշտ են»,- հավաստիացրել է պատգամավորը։ Ճշգրտող հարցին, թե կարելի է արդյոք ասվածից հասկանալ, որ նախկին պատվիրակությունները վատ են աշխատել կամ բնավ չեն աշխատել, Վահե Էնֆիաջյանը բացասական պատասխան է տվել. «Այդպես չէ։ Աշխատանք տարվում էր, պատվիրակությունը ներկայացված էր խմբակցությունների քարտուղարների մակարդակով։ Չի եղել նիստ, որպեսզի հայկական պատվիրակությունը ելույթ չունենար, չի եղել միջադեպ, որպեսզի հայկական կողմը կոշտ չարձագանքեր»։ Ընդ որում՝ պատգամավորը նշեց, որ կազմակերպության ներքին օրակարգը չի փոխվել. մասնակիցների մեծ մասը խնդիրներ ունի հարեւանների հետ, եւ դիրքորոշումը խնդիրների վերաբերյալ կոշտ է։ «Ինչպես եթե ինչ-որ մեկը մեզ բան ասի Արցախի մասին։ Մեր մոտեցումները հստակ են եւ անփոփոխ»,- հավաստիացրել է Վահե Էնֆիաջյանը։