Կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են: Այս մասին այսօր՝մայիսի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նշենք, որ խոսքը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի մասին է, որի բացումը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցը նաեւ քաղաքական նեթատեքստ ունի, հետաքրքրությունը մեծ է, քանի որ նշվում էր, որ իրենք գնացել բացում են արել եւ այդ գործարանը չի աշխատում:

Տիգրան Խաչատրյանը փարատեց այդ կասկածները. «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի:  Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված. «Որպեսզի լիարժեք այդ արտադրանքը կարողանանք համարել հայկական»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կատակով նկատեց, որ պետք է ստուգել այդ աշխատողների աշխատանքային պայմանագրերը, որովհետեւ «կարելի է մեկ օրում 70-80 հոգու բերել ցույց տալ»:

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Ընկերության նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:

Նշվում է, որ ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում:  Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: