Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն. «Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը»։

Հարցին արձագանքեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձեւը որն է: Վարչապետն, իր հերթին,  կատակեց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»: