Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից եւ հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվել՝ համակարգված ծրագրի տեսքով:  ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաեւ կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։

Կնյազյանները տեւական ժամանակ՝ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում։ Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո եւ ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրը՝ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել: Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակում՝ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը:

«Ես եւ որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում։ Ապրում ենք առանց որեւէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց։ Միայն խոնավություն՝ անձրեւից հետո, եւ սառը պատեր։ Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիս՝ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սերգոն։

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը՝ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը:

«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարեւոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարեւոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։  Անչափ կարեւորում եմ նաեւ կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում եւ ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: