Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիտում որոշում կայացվեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները եւ ծախսերը 7,4 մլրդ դրամով եւ դրանք ուղղել Ճանապարհաշինարարական ծրագրերին: Այս միջոցները առաջացել են 2019 թվականի բյուջեի գերակատարման արդյունքում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ դրա արդյունքում 12 ճանապարհներին կիրականացվեն 78,59 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ եւ շուրջ 20 կմ հիմնանորոգման աշխատանքներ:

Փաշինյանը հավելեց, որ փաստորեն այս տարվա համար նախատեսված 320 կմ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա, մնում է, որ ամեն ինչ արվի որակով եւ ժամանակին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ այս 320 կմ ճանապարհներին պետք է ավելացնել «Հյուսիս Հարավը», նաեւ սուբվենցիոն ծրագրերով համայնքային ճանապարհների կառուցումը:

Հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Պարզվում է՝ Հայաստանում կա որակյալ նախագծողների խնդիր: Այսինքն մարդիկ բերում են նախագծերը, ինչպես նախկինում են բերել, բայց երբ ուզում ես լուրջ վերաբերվել այդ նախագծերին, պարզվում է՝ այդ նախագիծը ընդհանրապես պիտանի չէ որեւէ բանի: Պարզվում է՝ ՀՀ-ում չկան որակյալ ճանապարհային նորոգման աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Պարզվում է՝ մեզ մոտ կան մրցույթ հաղթելու մեջ մասնագիտացած ընկերություններ, որոնք ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել: Ենթադրում եմ՝ ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել:  Մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում»:

Փաշինյանը հավելեց նաեւ, որ 35 միլիոն դոլար հատկացնում են ճանապարհաշինարարությանը եւ ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ են, որ կարողնալո՞ւ են այդ գումարը ծախսել եւ ունենալ ճանապարհ:

«Ամեն անգամ մենք մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: «Սեւ ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց նա: